Եթե արվեստագետը ռեժիմի հետ է, չեմ ընդունում նրա մատուցած արվեստը։ Եվ կապ չունի՝ ինչ ռեժիմ է՝ ազգային հիմարների՞, թե՞ ապազգային ապուշների։ Արվեստագետը, եթե չի հակառակվում, ապա, առնվազն, կենդանի ձկան նման հոսանքին հակառակ լողալու հատկանիշներ պիտի ցուցաբերի, իր անկախությունը պահի, չքծնի, դրամի համար չիջնի իշխանության առաջ։
Նույնը՝ բանաստեղծը, գրողը։ Ինչի՞ս է պետք քո գրածը, եթե դու Արցախ հանձնողի կողքին ես։ Դու քո ժողովրդի հիվանդ խղճին լույսի արահետներ պիտի տաս, իսկ դու՞:
Մի ուրիշ տեսակը կա։ Կողմնորոշումներում, կարծես, ճշմարիտ է, բայց ձայն չի հանում։ Գրում է, իր մուսաների հետ ներդաշնակ ապրում, ստեղծագործական վերելքի մեջ է, բայց Հայրենի՞ք, Հո՞ղ, Արցա՞խ՝ հե՛չ։ Չի տեսնում։ Սեր է երգում, աշուն-մաշուն, «մարդն ափի մեջ», «մարդն ափից դուրս», բայց չի տեսնում, որ դերձակը, մկրատն առած, իր Երկիրը կտրում-տալիս է։ Ու՞մ է պետք այդպիսի գրողը կամ բանաստեղծը։ Բանաստեղծը պիտի մի քիչ արդարության ծարավ լինի, խավարի դեմ կռիվ տա, մի քիչ ասպետ պիտի լինի, մի քիչ էլ` սոված: Կուշտ բանաստեղծ կլինի՞: Որտեղ հագեցած են, այնտեղ արվեստ չկա։
Դավիթ Վանյան